Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

Արամուսի դպրոցի պատմությունը

Հունվարի 23rd, 2017

Մեր  սրտին շատ մոտ, հարազատ է նա,

Մեր գյուղը երբեք մենք չենք մոռանա… 

Աշխարհի մի փոքրիկ անկյունում է գտնվում Արամուս գյուղը՝ հնամենի ու պատմական: Գյուղը եղել է եկեղեցական հոգևոր կենտրոն, որին կից գործել է նաև ուսումնական կենտրոն, որտեղ իրականացվել է ոչ միայն գրագրության,այլև գիտության զարգացում: Գյուղի բնակիչները Շահ Աբասի արշավանքի ժամանակ բռնագաղթվել են գյուղից և նորից վերաբնակեցվել են. նրանք եկել են Պարսկաստանի Խոյ նահանգից: Վերադառնալով գյուղ նորից վերաբացել են դպրոցը: Հին գյուղը ունեցել է 7-ամյա կրթությամբ դպրոց, երբ 1929թ.-ին գյուղի կենտրոնում Ծիրանավոր եկեղեցուն կից կառուցվել է դպրոցի շենքը, իսկ այնուհետև գրասեր մարդկանց ջանքերով 1963-1964թթ.-ին դարձել է միջնակարգ: 1966թ.-ին դպրոցը տեղափոխվեց նոր՝ ավելի բարեկարգ, նորակառույց մասնաշենք:  Տարիների ընթացքում տնօրենների (Բ.Լյուդվիգ, Դ.Կարապետյան, Ա.Եղիազարյան, Մ.Սարգսյան, Հ.Փայտյան, Ա.Պետրոսյան, Մ.Թորոսյան, Ս.Սերոբյան, Հ.Շահոյան, Հ.Գասպարյան, Ռ.Գևորգյան, Ս.Զոհրաբյան) և ուսուցիչների (Ս.Հարությունյան, Ս.Արտուշյան,Գ.Մխիթարյան,Ղ.Մխիթարյան,Ա.Վարդանյան,Թ.Մկրտչյան և այլք) մի աստղաբույլ է մնացել գյուղի մարդկանց հիշողություններում: Ասում են , որ դպրոցում աշխատել է Հումբերտը՝  Րաֆֆու Խենթ — Վարդանի որդին:  1993թ.-ին Արամուսի միջնակարգ դպրոցը անվանակոչվեց դպրոցի շրջանավարտ, Արցախյան հերոսամարտերի օրերին զոհված Վլադիկ Առաքելյանի անվամբ:  Դպրոցն ունեցել է   բազմաթիվ շրջանավարտներ՝ զինվորականության,  ոստիկանության և արդարադատության գծով շատ ու շատ անվանի մարդիկ՝ գեներալ ու փոխգնդապետ, քննիչ, բժիշկ, ուսուցիչ ու դերասան,  նկարիչ ու քանդակագործ, մարդիկ, որոնք իրենց հայրենանվեր աշխատանքով շենացնում են հայրենի երկիրը:Նրանք կերտում են գյուղի և դպրոցի պատմությունը: Դպրոցի աշակերտները բազմիցս մասնակցել են մարզային և հանրապետական տարբեր առարկայական օլիմպիադաների,  դպրոցական, մարզային,   հանրապետական և  միջազգային  սպորտային  մրցաշարերի՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ:Արամուսի  միջնակարգ դպրոցն ունի մոտ 90-ամյա պատմություն՝ գրված հայրենի գյուղի  անվանի և հերոս մարդկանց՝ անցյալի, ներկայի և ապագայի   գրչով: Ամեն տարի դպրոցի աշակերտները մասնակցում են  <<Այբ>> հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու», «Մեղու» մրցույթներին, ինչպես նաև ներգրավված է «dasaran.am» ծրագրերին: 2012թ.-ից  դպրոցը ղեկավարում է տնօրեն պարոն Ֆրունզ Պողոսյանը, որն  իր համբերատար և կազմակերպչական հատուկ հմտություններով կարողանում է ղեկավարել մի բազմանդամ կոլեկտիվ: 

Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց